Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
Նա խնամում է կարոտ ու երազ, վերքեր ու անցյալ,
վառվող հուշերի հուրն է անթեղում
երակների մեջ եւ լիցքավորում հույզերը կենաց,-
նա բոսոր կանչ է ու խղճի լապտեր,
խաղում է լուսնի, շավիղների հետ,
ասես մանկաշունչ աշխարհ է կերտում
անվերջ փլուզվող հիմերի վրա:-
Տեր, նրան կնքիր որպես ուխտյալի,
որ աղոթում է ու մեղա գալիս,
ընծայիր նրան մեղմալույս փարոս
եւ հորիզոններ ծիրանանկար,
քո գթությունից զմրուխտ նվիրիր
եւ մարգարիտներ ծփուն բերկրանքի,-
նրա հետ այսու Դու շռա՜յլ եղիր ու հայրախնա,
նրա ձեռքերի քնքշանքով գծիր ուղին առ Քաղաք,
որ երբ ետդարձի զանգը ղողանջի,
նա վերադառնա բեղմնավոր ծոցով
եւ տան բանալին սրտի մեջ պահած:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ